25/11/2010 10:24
Հալեպում բացվել է հայկական ապրանքների ցուցահանդես
Նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Հալեպ: Հալեպի օդանավակայանում Հովիկ Աբրահամյանին և պատվիրակության անդամներին դիմավորեցին Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, նահանգային իշխանության անդամները, Հալեպահայ համայնքապետերը:
Ինչպես այսօր հայտնեց ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, նույն օրը տեղի ունեցավ ԱԺ պատվիրակության և Հալեպի նահանգապետի և նահանգային իշխանության անդամների հանդիպումը:
Ավելի ուշ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա էին Հալեպի նահանգապետը, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահը, հայ համայնքի ներկայացուցիչներ անդամները: Հայ խորհրդարանականները այցելեցին տաղավարները, ծանոթացան ներկայացված նմուշներին:
ԱԺ նախագահը, ողջունելով ներկաներին, նշեց. «Վստահ եմ, որ այս ցուցահանդեսն ու հայ-սիրիական գործարար խորհրդի հերթական նիստն իրենց խթանող դերը կունենան երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման և հատկապես առևտրատնտեսական կապերի ամրապնդման գործում:
Այսօր վստահությամբ կարող ենք արձանագրել, որ հայ-սիրիական քաղաքական հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա, ինչը չի կարելի ասել առևտրատնտեսական կապերի մասին: Իսկ քաղաքական հարաբերությունների առկա մակարդակը պետք է ամրապնդվի տնտեսական գործակցության ակտիվացմամբ: Այս տեսանկյունից երկու երկրների գործարարները պարտավորված են առևտրատնտեսական հարաբերությունները ևս հասցնել նման մակարդակի: Կարծում եմ` դրա համար բոլոր հնարավորությունները կան, մանավանդ որ, Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Սիրիան և մասնավորապես Հալեպը մեզ համար դարձան առաջին շուկաներից մեկը:
Իմ պաշտոնական այցի ժամանակ Սիրիայի իշխանությունների հետ ունեցած հանդիպումների ընթացքում մենք անդրադարձել ենք նաև տնտեսական կապերին` երկուստեք փաստելով, որ դրանք զարգացման մեծ ներուժ ունեն և այստեղ իր առանձնահատուկ դերակատարությունը պետք է ունենա հայ-սիրիական գործարար խորհուրդը: Ներկայիս երկկողմ ապրանքաշրջանառության` ընդամենը շուրջ 4 միլիոն դոլարի հասնող ծավալները ամենևին չեն համապատասխանում մեր իրական հնարավորություններին: Անհրաժեշտ է միայն իրացնել այդ ներուժը, որովհետև, կարծում եմ, գործարարների ու տնտեսավարողների շփումները խթանելու և ակտիվացնելու համար երկու երկրներում էլ ստեղծված են անհրաժեշտ բարենպաստ միջավայր և իրավապայմանագրային դաշտ և որ շատ կարևոր է, կողմերն ունեն քաղաքական կամք` աջակցելու տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված ծրագրերին ու նախաձեռնություններին:
Այս ցուցահանդեսը շատ լավ առիթ է մեր գործարարների համար` ներկայանալ միմյանց, տեղեկատվություն փոխանակել, ծանոթանալ հնարավորություններին, կապեր հաստատել, համագործակցության եզրեր գտնել: Լայն ասպարեզ կա համագործակցել առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի, գիտատեխնիկական և ֆինանսաբանկային ոլորտներում: Վստահ եմ, որ այսօրվա ցուցահանդեսի շրջանակներում համագործակցությունը կդրվի ավելի գործնական հիմքերի վրա»:
Երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայոց Առաջնորդարան, հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկավ ելույթով:
Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը և հայ համայնքի ներկայացուցիչները այցելեցին Ազգային պատսպարան: Հովիկ Աբրահամյանը զրուցեց մանկատան երեխաների հետ, լուսանկարվեց նրանց հետ: ԱԺ նախագահը նվիրատվություն կատարեց մանկատանը:
Այսօր ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Հալեպից կմեկնի Դեյր Զոր և նույն օրը երեկոյան կվերադառնա Երևան: