26/11/2010 10:52
Հ. Աբրահամյան. Դեյր Զորը` համայն հայության սրբավայր
Նոյեմբերի 25-ին Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Հալեպից մեկնեց Դեյր Զոր:
Ինչպես այսօր հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, օդանավակայանում ԱԺ նախագահին և պատգամավորներին դիմավորեցին Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը, նահանգային իշխանության անդամները և պաշտոնատար այլ անձինք:
Կարճատև զրույցից հետո, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, պատվիրակությունը մեկնեց Ս.Նահատակաց հայկական եկեղեցի: Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հայ խորհրդարանականները ծաղկեպսակ և ծաղիկներ դրեցին անմեղ զոհերի հուշակոթողին` հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պատվիրակության անդամները այցելեցին ցեղասպանության թանգարան, ծանոթացան Հայոց Մեծ Եղեռնը հավաստող վավերագրերին, գրառումներ կատարեցին թանգարանի հուշամատյանում:
Եկեղեցուն կից սրահում հանդիպում կայացավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: ԱԺ նախագահը նշեց, որ բարեկամ Սիրիա կատարած պաշտոնական այցի ավարտին Հայաստանի պատվիրակությունը չէր կարող չայցելել Դեյր Զոր:
«Եթե ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին համախմբվում է Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող և սրբավայր դարձած հուշարձանների մոտ, ապա Դեյր Զորը համայն հայության համար դարձել է ամենօրյա այցելության սրբավայր: Այստեղ, սիրիական հողի վրա թուրք յաթաղանից մազապուրծ հայրենազրկված և ունեզրկված 1,5 միլիոն հայություն նահատակվեց: Այս անապատում էր, որ գրեթե մեկ դար առաջ հայ մայրերը` անօթևան և անպաշտպան, բայց և չհուսալքված, իրենց արցունքներով ավազի վրա մեսրոպյան այբուբենի տառերն էին պատկերում` իրենց զավակներին հայ պահելու և նրանց մեջ հայկական ոգին սերմանելու համար», -նշեց Հովիկ Աբրահամյանը:
«Մենք այստեղ ենք, որ մեր հարգանքի տուրքը մատուցենք Օսմանյան Թուրքիայում պետական մակարդակով ծրագրված և իրագործված 1915թ. Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և, միաժամանակ վերահաստատելու պատմական արդարության վերականգնմանն ուղղված մեր վճռականությունը», -եզրափակեց ԱԺ նախագահը:
Երեկոյան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը վերադարձավ Երևան: