26/11/2010 09:45
Էրդողանը կասետային ռումբերից է խոսել. հիշողության կորուստ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը «ծալած ձեռքերով չի նստի», եթե Իսրայելը «հարձակվի Լիբանանում ու Գազայում քաղաքացիական անձանց վրա»: Այս մասին հաղորդում է «Կուրսոր»-ը:
Լիբանանում այցով գտնվող Էրդողանը տնտեսական համաժողովի առջև իր ունեցած ելույթում, դիմելով Իսրայելին, ասել է. «Դուք մտնում եք Լիբանան, սպանում երեխաներին, իսկ հետո սպասում, որ մենք ոչինչ չանենք: Դուք օգտագործում եք կասետային ռումբեր և սպանում Գազայի երեխաներին, իսկ այնուհետև խնդրում մեզ լռել: Մենք չենք լռի, մենք կանենք հնարավորը, կօգտագործենք բոլոր միջոցները, որոնց տիրապետում ենք»:
«Մենք ցանկանում ենք, որ իշխի օրենքը, այլ ոչ թե ծովահենությունը: Մենք ուզում ենք տեսնել ոչ թե երեխաների սպանություն, այլ տարածաշրջանում բարեկեցության աճ», - հավելել է Թուրքիայի վարչապետը:
Հատկանշական է, որ Էրդողանը խոսել է կասետային ռումբերից, մոռանալով, որ Թուրքիայի «կրտսեր եղբայր» Ադրբեջանը օգտագործել է դրանք Ղարաբաղյան պատերազմում, ինչի արդյունքում զոհվել են խաղաղ բնակիչներ:
1994 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի օդուժը կասետային ռումբեր գցեց ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա` Հորադիզի մոտ, ինչի հետևանքով տուժեցին նաև ադրբեջանական ստորաբաժանումները: Ադրբեջանի ինքնաթիռները փորձեցին ռմբակոծել նաև Ստեփանակերտը, սակայն նրանց մտադրությունը կասեցվեց ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության կողմից: