26/11/2010 11:11
Քաղաքագետ. Թուրքիայի վարչապետը բազմակի ստանդարտներ է օգտագործում
«Թուրքիայի վարչապետի հայտարարությունն այն օրինակներից մեկն է, երբ քաղաքական գործիչների կողմից բազմակի ստանդարտներ են օգտագործվում` շատ հաճախ մոռանալով, որ նույն մոտեցումն ունեցել են նաև իրենց երկրները կամ դաշնակիցները», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` մեկնաբանելով Լիբանանում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի կողմից արված հայտարարությունը:
Հիշեցնենք, որ թուրք վարչապետը հիշեցրել է Իսրայելին Գազայում կասետային ռումբերի օգտագործման մասին, հայտարարելով, որ «կօգտագործեն բոլոր միջոցները, որոնց տիրապետում են» այդ հարցը միջազգային հանրության օրակարգում պահելու համար:
Սերգեյ Մինասյանը հիշեցրեց, որ 1994 թվականի մարտի 25-ին Ադրբեջանի օդուժը կասետային ռումբեր գցեց ԼՂՀ ՊԲ դիրքերի վրա` Հորադիզի մոտ և հավելեց. «Ոչ միայն Հորադիզում է նման զենք օգտագործվել, այլ նաև Ստեփանակերտի ռմբակոցության ժամանակ օգտագործվել են ավիացիոն կասետային զենքեր: Հենց նույն Իսրայելը և Ուկրաինան Ադրբեջանին վաճառել են կասետային գլխիկներով հրթիռային համակարգեր»,-ասաց նա:
Քաղաքագետը նաև ուշադրություն դարձրեց այն փաստի վրա, որ միջազգային հանրությունը Ադրբեջանի կողմից նմանօրինակ ռազմական միջոցների օգտագործման վերաբերյալ չի արձագանքել:
«Ոչ մի արձագանք չի եղել ոչ միայն կասետային ռումբերի մասին, այլ նաև «Գրադ» տիպի համակարգերի մասով, որոնք նախատեսված չեն քաղաքների ռմբակոծման համար: Այդ հրետանային համակարգերը բազմիցս օգտագործվել են և Ստեփանակերտի, և Արցախի բնակավայրերի, ինչպես նաև Հայաստանի սահմանակից գյուղերի և քաղաքների դեմ»,- ասաց Ս.Մինասյանը: