26/11/2010 09:15
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Երևան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) այսօր կժամանեն Երևան, որտեղ հանդիպումներ կունենան Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մասնավորապես, ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, եռանախագահները կհանդիպեն Հայսատանի Նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Սպասվում է, որ քննարկման առարկա կդառնա նաև դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք գագաթնաժողովը, որտեղ օրակարգում ընդգրկված թեմաներից է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: