26/11/2010 10:49
ՀՀ ԱԺ պատվիրակությանն ընդունել է Սիրիայի գլխավոր Մուֆթին
Նոյեմբերի 25-ին Սիրիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը Հալեպում ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունը:
Ողջունելով հայ բարեկամներին` ՍԱՀ գլխավոր Մուֆթին բարձր գնահատեց ԱԺ նախագահի այցը Սիրիա և նշեց, որ Սիրիայի ժողովրդի համար հայերը քույրեր և եղբայրներ են: Նրա բնորոշմամբ` հայ ազգը ստեղծագործ ազգ է, և Սիրիայի հայ համայնքը իր ներկայությամբ նպաստում է Սիրիայի զարգացմանը և հզորացմանը:
Նա անգնահատելի համարեց տարածաշրջանում խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերը և հույս հայտնեց, որ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես քայլեր կանեն պատերազմները կանխելու, կայունություն հաստատելու ուղղությամբ: Նա Հայաստանին և հայ ժողովրդին մաղթեց բարգավաճում և հզորացում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անգնահատելի համարեց հայ ժողովրդի պատմության ողբերգական պահին արաբ ժողովրդի ցուցաբերած անգնահատելի աջակցության համար և նշեց, որ սիրիահայ համայնքը բարեկամության ամուր կամուրջ է երկու երկրների և ժողովուրդների միջև: Սիրիայում ապաստան գտած հարյուր հազարավոր հայերը կառուցել են եկեղեցիներ, մշակութային օջախներ, դպրոցներ և իրենց ներդրումն են ունեցել Սիրիայի բազմազգ և բազմակրոն քաղաքակրթության զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով` Սիրիան մշակույթների և կրոնների երկխոսության, կրոնական հանդուրժողականության լավագույն օրինակ է հանդիսանում: Այս մասին այսօր հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: