26/11/2010 11:19
Գյուլը գնահատել է Սարգսյանի էական ներդրումը խաղաղության համար
Անկարան հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ ստանձնած պարտավորվածություններին, Շվեյցարիայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը:
Ինչպես հայտնում է «Եվրոնյուզ» հեռուստաալիքը, մեջբերելով CNN-Turk-ը, Գյուլը նշել է, որ մեծ է Շվեյցարիայի դերը մեկ տարի առաջ Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների և երկկողմ համագործակցության վերաբերյալ պատմական արձանագրությունների ստորագրման գործընթացում:
«Պարզ է, որ նման խնդիրները հեշտությամբ չեն լուծվում: Բայց մենք մնում ենք հաստատակամ ջանքեր գործադրելու` ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու համար», - ասել է նա:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Անկարան կշարունակի քայլեր ձեռնարկել, որ Կովկասում հաստատվի երկարատև և համապարփակ խաղաղություն: Գյուլը նշել է, որ այդ ճանապարհին էական ներդրում է կատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և նա ակնկալում է, որ հետագայում նոր քայլեր կարվեն մեկնարկած կարևորագույն քաղաքական գործընթացում, նշում է աղբյուրը: