27/11/2010 11:06
Արցախցի պատգամավորը ներկայացրել է ԼՂՀ դիրքորոշումը Ամստերդամում
Հոլանդիայի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի և «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության նախաձեռնությամբ ու կազմակերպական ջանքերով նոյեմբերի 7-ին Ամստերդամի Ազատ համալսարանում անց է կացվել միջազգային գիտաժողով՝ նվիրված ազգերի ինքնորոշման իրավունքին: Շարժառիթը Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Հաագայի դատարանի վերջերս ընդունած որոշումն էր առ այն, որ Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային օրենքներին: Այս առումով դա Եվրոպայում անցկացված առաջին միջազգային գիտաժողովն էր, որը քննարկում էր Լեռնային Ղարաբաղի հարցը:
Գիտաժողովին հրավիրված էր ԼՂՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ Արմեն Սարգսյանը: Որպես հրավիրյալներ մասնակցում էին նաև միջազգային իրավունքի հոլանդացի մասնագետներ, գիտությունների դոկտորներ՝ Լեյդենի համալսարանի «Գրոթիուս» միջազգային իրավունքի հետազոտական կենտրոնի դասախոս Է. Բրաբանդերեն, Ամստերդամի Ազատ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի միջազգային իրավունքի հետազոտությունների հետազոտող և հասարակական միջազգային իրավունքի և քաղաքականության «Հոլանդական խմբի» համանախագահ Ա.Մ. դե Հոոնը, Հոլանդիայի «Պակս Քրիստի» միջազգային կազմակերպությունից հետազոտող գիտնական Լ. Վան Դեր Միրը։
Միջոցառմանը ներկա էին հոլանդացի ուսանողներ, քաղաքական գործիչներ և տարբեր ազգությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ մեծ թվով հայեր, ինչպես նաև ադրբեջանցիներ:
Պարոն Բրաբանդերենն իր զեկուցման մեջ մանրակրկիտ վեր է լուծել Հաագայի միջազգային դատարանի որոշումը: Մասնավորապես, նշելով հանդերձ, որ այն պարտադիր բնույթ չի կրում, նա հայտարարեց, որ այդ փաստաթուղթը, այնուամենայնիվ, շատ կարևոր նշանակություն ունի և միջազգային իրավունքի կիրառման նոր մոտեցում է առաջարկում: Այն հանգամանքը, ասաց հոլանդացի միջազգայնագետը, որ ըստ այդ որոշման Կոսովոյի անկախության հռչակումը չի հակասում միջազգային նորմին, նշանակում է, որ մեկ երկրի տարածքում ինքնորոշման իրավունքը գերակայում է երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի նկատմամբ: Ինքնորոշումը մարդու և ազգերի ազատության դրսևորման ձև է, ընդգծեց նա, և որևէ սահմանափակման ձև խախտում է մարդու իրավունքները:
Իր հերթին տիկին Ա.Մ. Դե Հոոնը, որն իբրև միջազգային դիտորդ ներկա է գտնվել ԼՂՀ 2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններին, հիմնականում խոսեց Լեռնային Ղարաբաղում իր ստացած տպավորությունների մասին: Նշելով, որ չափազանց տպավորված էր վերադարձել Լեռնային Ղարաբաղից, նա կատարեց երկու կարևոր հայտարարություն.
1. ԼՂՀ 2010թ. մայիսյան խորհրդարանական ընտրություններն անց են կացվել միջազգային չափանիշներին համապատասխան և դիտորդների կողմից որևե լուրջ խախտում չի արձանագրվել: Համեմատության կարգով նա ասաց նաև, որ Լեռնային Ղարաբաղում մարդիկ կարողանում են կազմակերպել այնպիսի մակարդակի օրինական ընտրություններ, որոնց մասին մի շարք ճանաչված անկախ պետություններ միայն երազել կարող են:
2. ԼՂՀ-ն իր փաստացի անկախության տարիներին ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները ժողովրդավարական պետություն ունենալու համար: Նրա խոսքերով՝ փաստորեն, լեռնային Ղարաբաղը, անկախ միջազգային ճանաչումից, ստեղծել է իր պետականությունը, որը գործում է անկախ և ժողովրդավար պետության չափանիշներով:
Զեկուցմամբ հանդես է եկել նաև Արմեն Սարգսյանը՝ հանգամանորեն ներկայացնելով ղարաբաղյան հիմնախնդրի լուծման իր տեսակետը և այդ համատեքստում կարևորելով ինքնորոշման իրավունքի կիրառման առաջնայնությունը: Զուգահեռներ անցկացնելով Կոսովոյի պարագայի հետ՝ նա նշեց, որ տարածքային ամբողջականության այսօրվա միջազգային տեսակետը վերաբերում է մի երկրի կողմից մյուսի նկատմամբ կատարած ոտնձգություններին: Նույն երկրի տարածքում ինքնորոշվող ժողովրդի իրավունքը, բնականաբար, առավել գերակա է: Եվ միջազգային փորձը ցույց է տվել, որ դա բազմաթիվ հակամարտությունների միակ ճիշտ լուծումն է:
Անդրադառնալով բանակցային գործընթացին՝ արցախցի խորհրդարանականն ընդգծեց ԼՂՀ-ն բանակցային կողմ դարձնելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ, նա կարևորեց իրադարձությունների ճշմարտացի արտացոլումը բանակցությունների ընթացքում: Ադրբեջանին իբրև ագրեսոր ճանաչելը, նշեց Արմեն Սարգսյանը, անհրաժեշտություն է հարցի արդարացի լուծման համար: Միաժանակ, նա ասաց, որ այն ռազմաքաղաքական հավասարակշռությունը, որ այսօր տիրում է տարածաշրջանում, տևական խաղաղության պահպանման միակ ձևն է: Տարածաշրջանում առկա իրավիճակի ցանկացած փոփոխություն կարող է խախտել այդ հավասարակշռությունը, ինչն ի վերջո կհանգեցնի նոր հակամարտոթյունների:
Ի դեպ, միջոցառմանը ներկա ադրբեջանցիները փորձեցին մի շարք սադրիչ հարցերով լարել գիտաժողովի մթնոլորտը, սակայն Արցախից ժամանած խորհրդարանականի հստակ պատասխանները պարզություն մտցրին ամեն ինչում: