27/11/2010 13:55
Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի օգտագործման հարցը չի փակվել
Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ կասետային ռումբերի և այլ ռազմատեսակների օգտագործման հարցը փակված չէ: Այսօր ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարեց Վ.Բրուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Նա նշեց, որ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ հայկական կողմը բազմիցս է բարձրաձայնել միջազգային հանրությանը` ադրբեջանական բանակի կողմից` արգելված զինատեսակների օգտագործման վերաբերյալ, սակայն որևէ լուրջ արձագանք չի եղել: Սուրեն Զոլյանը հիշեցրեց, որ լինելով ՀՀ Գերագույն խորհուրդի պատգամավոր, 90-ական թվականների սկզբներին անձամբ խնդրի մասին խոսել է եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների, անգամ` Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ:
«Այդ ժամանակ միջազգային հանրությունը դատապարտեց Սարաևոյում ռմբակոծությունը, ինչը մեծ աղմուկ առաջացրեց, սակայն նույն կերպ չարձագանքեց Ստեփանակերտի ռմբակոծմանը: Ավելին, Հայաստանի Գերագույն խորհուրդը մի քանի անգամ կտրուկ հայտարարություններով է հանդես եկել: Եղել է նաև հայտարարություն, որ եթե միջազգային հանրությունը չի արձագանքում`ապա Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը կարող են իրավունք վերապահել դիմելու ոչ սիմետրիկ գործողությունների: Քանի որ Լեռնային Ղարաբաղն ինքնաթիռներ չուներ, մնում էր միայն կիրառել հրետանային հնարավոր միջոցները»,- ասաց Ս.Զոլյանը, հավելելով, որ այդ հայտարարությունները թեև արձագանք գտան միջազգային մամուլում, այնուամենայնիվ միայն քաղաքական գնահատականներ հնչեցին:
«Միջազգային կազմակերպությունները, կրկնակի ստանդարտներ ցուցաբերելով, միայն շատ համառոտ ձևակերպումներով դատապարտում էին ադրբեջանական կողմի բռնություններն և այլ գործողությունները»,- ասաց բանախոսը:
Քաղաքագետի կարծիքով` ժամանակն է, որ հայկական կողմը նախապատրաստի համապատասխան փաստաթղթեր և դիմի միջազգային դատարան:
«Այդ փաստերը պետք է ոչ միայն հրապարակվեն, այլ ներկայացվեն համապատասխան ինստանցիաների, նույն` Հաագայի դատարան»,- եզրափակեց Սուրեն Զոլյանը: