27/11/2010 11:45
Վրաստանում «անհնազանդության կոմիտեներ» են ստեղծվելու
Ընդդիմադիր «Ազգային ժողով» քաղաքական ուժի կողմնակիցները նոյեմբերի 26-ին կրկին հավաքվել էին Վրաստանի խորհրդարանի շենքի առջև: Թեև նրանք ավելի քիչ էին, քան մեկ օր առաջ`մոտ հազար մարդ, բայց նրանց մեծ մասը վճռական գործողություններ էր պահանջում:
Ակցիայի մասնակիցներն արգելափակել էին Ռուսթավելու պողոտայի երթևեկությունը, այնուհետև մի մասը «Ապօրինի կալանքի տակ գտնվողների հետ համախոհություն» կազմակերպության առաջնորդ Էկա Բեսելիայի ղեկավարությամբ շարժվել են դեպի Վրաստանի Հանրային հեռարձակման շենք` պահանջելու մուտքը ուղիղ եթեր:
Բանակցություններից հետո Էկա Բեսելիան ցույցի մասնակիցներին հայտարարել է, որ ըստ ձեռք բերված համաձայնության` կխոսի Հանրային հեռարձակողի ուղիղ եթերում:
Լրագրողների հետ զրույցում «Ազգային ժողովի» ներկայացուցիչ, դերասան Գիա Բուրջանաձեն ասել է, որ համաձայն նոյեմբերի 25-ի ցույցի մանսակիցների ընդունված որոշման` Վրաստանի մարզերում կստեղծվեն «անհնազանդություն կոմիտեներ»:
Ցուցարարները խորհրդարանի շենքի դիմաց նաև երկու վրաններ են տեղադրել, որտեղ կգործեն «Ազգային Ժողովի» ակտիվիստները և կգրանցեն հանձնաժողովների աշխատանքների մասնակցել ցանկացող անձանց, հայտնում է « Կավկազսկի ուզելը»` մեջբերելով «Նովոստի-Գրուզիան»: