27/11/2010 14:07
Իրանում շահագործվել է առաջին ԱԷԿ-ը
Իրանում շահագործման է հանձնվել երկրի առաջին ատոմային էլեկտրակայանը` Բուշերի ԱԷԿ-ը: Այս մասին հաղորդել է «Գազետա.ռու»-ն` վկայակոչելով «Սվոբոդա» ռադիոկայանը:
Ինչպես նշել է Իրանի ատոմային էներգետիկայի գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհան, էլեկտրաէներգիան, որը կստացվի Բուշերի ԱԷԿ-ից, կուղղորդվի համազգային էներգետիկ ցանց` մոտակա մեկ կամ երկու ամիսների ընթացքում:
Հիշեցնենք, որ Բուշերի ԱԷԿ-ը, որը կառուցվել է Իրանի Բուշեր քաղաքի մոտ, առաջինն է իր բնույթով ոչ միայն Իրանում, այլև ողջ մերձավոր Արևելքում: Շինարարությունը սկսվել է 1975 թ.-ին, վերսկվել երկար դադարից հետո 1995 թ.-ին և ավարտվել է 2010 թ.-ի օգոստոսին:
Այնուամենայնիվ, Բուշերի ԱԷԿ-ը քննադատվում է որոշ երկրների կողմից` առաջին հերթին Իսրայելի և ԱՄՆ-ի` «ոչ թափանցիկ շինարարության» համար: Այդ երկրների կառավարությունները մեղադրում են Իրանին ատոմային արդյունաբերության ռազմական ուղղվածության, ինչպես նաև` միջուկային զենք ստեղծելու համար:
Իրանը նման մեղադրանքները կտրականապես հերքում է: