27/11/2010 14:22
Զոլյան. Գյուլի հայտարարությունը «էթիկետի պահանջներից» է
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի բարեհաջող հանգուցալուծման մասին Թուրքիայի նախագահի կողմից Շվեյցարիայում արված հայտարարությունները «էթիկետի պահանջներից» էին: Այսօր ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց Վ. Բրուսովի անվան Պետական Լեզվաբանական համալսարանի ռեկտոր, քաղաքագետ Սուրեն Զոլյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը Շվեյցարիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, թե Անկարան վճռական է հայ-թուրքական արձանագրությունները կյանքի կոչելու գործընթացը հաջող ավարտի հասցնելու հարցում:
«Լինելով Շվեյցարիայում` նա անպայման պետք է հիշատակեր հայ-թուրքական գործընթացի ու արձանագրությունների մասին: Նա կամ պետք է կտրուկ քննադատեր Հայաստանին, ինչը Շվեյցարիայում ընդունելի չէր լինի, կամ լավ կեցվածք ընդուներ»,- ասաց քաղաքագետը:
Բանախոսը նաև կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում Գյուլը, իրականում, նոր զարգացումների չի սպասում: «Թուրքիայում այսօր պարզ երևում է, թե ով է կազմում հարցերի օրակարգը: Դա ոչ թե Գյուլն է, այլ` Էրդողանը»,- եզրափակեց Սուրեն Զոլյանը: