29/11/2010 15:37
Բա էլ ի՞նչ երեսով Ալիևը Աստանա գնա
«WikiLeaks»-ի հրապարակած ԱՄՆ պետքարտուղարության փաստաթղթերում բացահայտված սենսացիաների մի բավական լուրջ չափաբաժին վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` մի շարք սկանդալային արտահայտություններին ու մեկնաբանություններին: Դրանք ոչ միայն բացահայտում են Ալիևի իրական դեմքը, այլև բոլոր առումներով խիստ անհարմար վիճակում են դնում Ադրբեջանի նախագահին:
Մասնավորաբար, փորձագետներից շատերի համոզմամբ, Ալիևը չափազանց ոչ նպաստավոր վիճակում է լինելու Աստանայում, ուր մի քանի օրից անցկացվելու է ԵԱՀԿ գագաթաժողովը: Ի մասնավորի, ԱՄՆ փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսի հետ զրույցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար Ալիևը առաջնային քայլերից է համարել… Հայաստանի միջազգային մեկուսացումը, կոշտ արտահայտություններով դժգոհել է Մինսկի խմբի համանախագահներից:
Մյուս կողմից` Թուրքիայի փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն է նույն Նիկոլաս Բերնսի հետ զրույցում խոստովանել, որ թե ղարաբաղյան հակամարտության և թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերում հիմնական խոչընդոտը հենց Ալիևն է:
Վերջապես, նա իրեն թույլ է տվել վիրավորական արտահայտություններ ՌԴ ղեկավարների հասցեին:
Հիշեցնենք, որ ըստ վերոնշյալ փաստաթղթերի, Իլհամ Ալիևն ասել է, որ «բարձրաստիճան շատ պաշտոնյաներ Մեդվեդևին որպես լիդեր չեն ընդունում», և որ ինքն է տեսել, «թե ինչպես է Դմիտրի Մեդվեդևն ընդունում որոշումներ, որոնք նախքան կյանքի կոչվելը պահանջում են հետագա հաստատում»: Ալիևը կարծում է, որ Ռուսաստանի նախագահը շրջապատված է մարդկանցով, որոնց նա չի վերահսկում: Ավելին, Ադրբեջանի նախագահը համարում է, որ Մեդվեդևի որոշումները, հավանաբար, հաստատվում են վարչապետի գրասենյակում: