29/11/2010 12:43
Թուրքիան փորձում է տարանջատել Հայաստանը և Սփյուռքը
Թուրքիան, փակուղի մտցնելով Հայաստան-Թուրքիա սկսված գործընթացը, լրջորեն հարվածի տակ է դրել իր միջազգային հեղինակությունը, որից հետո էլ ձեռնարկում է իմիտացիոն քայլեր` տպավորություն ստեղծելու, թե հավատարիմ է իր պարտավորություններին և շարունակում է հայ-թուրքական գործընթացը: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով` իմիտացիան թուրքական քաղաքականության մեջ դարձել է ամենակարևոր հանգամանքներից մեկը:
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունները ներկայում ներկայացվում են լուռ դիվանագիտություն տերմինով, որը «ամորֆ» հասկացություն է և զուրկ է որևէ կոնկրետությունից, իսկ թուրքերին ձեռնտու է հեռու մնալ վերջինից, որը հնարավորություն է տալիս մանևրելու և խոսափելու տարատեսակ կոնկրետ քայլերից»,- ասաց Ռ. Մելքոնյանը` հավելելով, որ «լուռ դիվանագիտության» իմիտացիան կշարունակվի մինչև Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները:
Թուրքագետը նշեց, որ իմիտացիոն քայլերը նպատակին հասցնելու համար Թուրքիան ձեռնարկում է տեղեկատվական-քարոզչական բնույթի մի քանի քայրեր, որոնցից է օրինակ Հայաստանին Թուրքիայի համար արտաքին սպառնալիք հանդիսացող երկրների ցուցակից դուրսհանումը. «Սա տեղեկատվական արտահոսք էր, որն ուներ հստակ նպատակ` ցույց տալ, թե ինքը հավատարիմ է արտաքին աշխարհում հռչակած իր տեսլականին, թե իբր զրո խնդիր ունի հարևանների հետ»:
Ըստ Մելքոնյանի` հաջորդ քայլն այն է, որ Հայաստանին, դուրս բերելով իր համար վտանգ ներկայացնող երկրների ցանկից, Թուրքիան փորձում է խանգարել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների միասնությունը:
«Գաղտնիք չէ, որ Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ այսօր հրամայական է դարձել ամեն կերպ տարանջատել Հայաստանը և Սփյուռքը` դրանք ներկայացնելով առանձին», - ասաց բանախոսը:
Վերջում բանախոսը չբացառեց նաև, որ որոշ ժամանակ անց կլինեն նաև հայտարարություններ, որ Թուրքիայի համար վտանգ է ներկայացնում ոչ թե Հայաստանը, այլ Սփյուռքը: