29/11/2010 10:18
Արցախի նախագահի այցը Ֆրանսիա
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 26-ին Լոս Անջելեսից ժամանել է Փարիզ:
Նոյեմբերի 27-ին Նախագահը հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն Պետրոս Թերզյանի հետ:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղին և նրա ղեկավարին` Եվրոպայում «Հեռախոսամարաթոն-2010»-ի աշխատանքները բարձր մակարդակով կազմակերպելու համար: Հանդիպման ժամանակ արծարծվել են նաև մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նույն օրը երկրի ղեկավարը մասնակցել է Ֆրանսահայ բժիշկների միության տարեկան հավաքին:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ներկաներին` Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ միությունը կարևոր դեր ունի մեր հանրապետությունում բժշկության զարգացման գործում:
Քննարկվել են նաև առողջապահության ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող հարցեր:
Միջոցառումներին մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Ինչպես հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակսյանը նոյեմբերի 28-ին Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճարում մասնակցել է կիրակնօրյա պատարագին, որը մատուցել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը:
Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը: