30/11/2010 11:21
Քննարկվում է օտարերկրյա ուղղակի ներդրումների խթանումը Հայաստանում
Այսօր Երևանում ընթանում է «Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում» թեմայով առաջին համաժողովը: Այն կազմակերպել է Զարգացման հայկական գործակալությունը (ԶՀԳ) ` հոլանդական Էքորիս և կիպրական Մենեջմենտ Միքս ընկերությունների հայաստանյան մասնաճյուղերի հետ համատեղ:
Համաժողովին մասնակցում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, օտարերկրյա ներդրողներ, ներդրողներ, ովքեր մտադիր են Հայաստանում գործունեություն ծավալել, հայաստանյան գործարարներ, տնտեսական քաղաքականության համար պատասխանատու պաշտոնյաներ:
ԶՀԳ գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը բացման խոսքում նշեց, որ այս համաժողովը քննարկումների մի հարթակ է` հասկանալու, թե ինչ խնդիրներ կան օտարերկյա ներդրումների համար, ինչ ուղղությունների պետք է ուշադրություն դարձնել և ինչպես են մասնակիցները պատկերացնում համագործակցությունը:
ՀՀ-ում Հոլանդիայի դեսպանատան ներկայացուցիչ Վան Հանսմանի խոսքով, չնայած ճգնաժամին, Հայաստանի տնտեսությունում նկատվում է աճ և ավելի շատ շեշտը դրվում է տնտեսական զարգացման ծրագրերի վրա: Որպես Հայաստանի և Հոլանդիայի միջև համագործակցության առաջնահերթ ուղղություններ, Վ. Հանսմանը նշեց քիմիայի, սննդարդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները:
Համաժողովի ավարտին կընդունվեն առաջարկություններ ՀՀ ներդրումային միջավայրի բարելավման և օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում խթանելու վերաբերյալ` ուղղված ՀՀ կառավարությանը, Ազգային Ժողովին, ԶՀԳ-ին, դոնոր կազմակերպություններին, ֆինանսական կառույցներին:
Համաժողովն իրականացվում է Նիդեռլանդների Թագավորության կողմից ֆինանսավորվող, Համաշխարհային բանկի արտասահմանյան ներդրումները խրախուսող ծրագրի շրջանակներում: Համաժողովի հովանավորներն են ԱԿԲԱ Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Երևանի կոնյակի գործարանը և Ռենկո ընկերությունը:
Հավելենք, որ Հայաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումները 2009 թ-ին կազմել են 732,1 մլն դոլար, իսկ 2008 թ-ին` 1,1 մլրդ դոլար:
Հայաստանի խոշորագույն ներդրումային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, որի ներդրումները 2009 թ-ին կազմել են 348,8 մլն դոլար` էներգետիկայի, գազի, գոլորշու մատակարարման, հեռահաղորդակցության և օդային տրանսպորտի գործունեության ոլորտներում: Վերջին տարիներին Հայաստանի խոշոր ներդրող գործընկերը դարձել է Ֆրանսիան` «Օրանժ-Արմենիայի» ներդրումների շնորհիվ` 197,4 մլն դոլար, իսկ երրորդ խոշոր ներդրումային գործընկերը Արգենտինան է` օդային տրանսպորտի, գյուղատնտեսության և կապի ոլորտներում` 48,2 մլն դոլար: