30/11/2010 11:59
Ռումին Պատրիարքն ընդունել է Հայաստանի դեսպանին
Նոյեմբերի 29-ին Ռոմանիո Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքն (His Beatitude Daniel, Patriarch of the Romanian Orthodox Church) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Ջերմ և բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների և երկրների ավանդական բարեկամական կապերն առավել խորացնելու և ամրացնելու հարցեր:
Ինչպես այսօր հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաև տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը:
Ն.Ե. Դանիել Պատրիարքն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հոգևոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես հոգևոր կրթության և դաստիարակության բնագավառում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով փոխադարձաբար հայերենի ու ռումիներենի խորացված ուսուցմանը և մասնագետ կադրերի պատրաստմանը:
Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության և եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը մասնավորապես Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման և զարգացման գործում`ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման և լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարևորությունը, որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսևորումներից մեկը:
Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկացրեց Հայաստանի և հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին: Հանդիպումից հետո Հայաստանի դեսպանը կարճ հաղորդումով հանդես եկավ մամուլի առջև: