30/11/2010 12:35
Կարծիք. Թուրքիան ձգտում է կառավարելի դարձնել Ադրբեջանի բանակը
Թուրքական զինված ուժերը միշտ էլ ցանկանում են մեծ դերակատարություն ունենալ ադրբեջանական բանակի արդիականացման և սպայական վերապատրաստման գործում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի ավագ փորձագետ, թուրքագետ Լևոն Հովսեփյանը:
Նա նշեց, որ ինչպես ադրբեջանական, այնպես էլ թուրքական բանակներում մեծ աշխատանքներ են տարվում սպայական անձնակազմի վերապատրաստական աշխատանքների ուղղությամբ: Հովսեփյանի խոսքերով` Թուրքիայի գրեթե բոլոր ռազմական ուսումնական հաստատություններում` ցամաքային, ռազմածովային, ռազմաբժշկական, վերապատրաստվում են ադրբեջանական սպաներ, ենթասպաներ:
Ինչպես ասաց փորձագետը, ըստ պաշտոնական տվյալների` 2006-ին Թուրքիայի ուսումնական հաստատություններում վերապատրաստված ադրբեջանական զինվորականների թիվը հասնում էր 1130-ի, նույն ժամանակահատվածում ադրբեջանական ռազմական հաստատություններում սովորել է 120 զինվորական: Սակայն, փորձագետը հավելեց, որ հնարավոր է` իրականում այդ թվերը ավելի մեծ լինեն:
«Թուրքիան ամեն կերպ փորձում է Ադրբեջանի ուժային համակարգում լուրջ ազդեցություն և լծակներ ձեռք բերել, և ուսումնական-վերապատրաստական ծրագրերում ադրբեջանցիների սովորելը ևս նպաստում է դրան»,- ասաց թուրքագետը և հավելեց, որ պատահական չէ նաև այն, որ ադրբեջանական զինված ուժերում ձևավորվել է երիտասարդ և միջին սերնդի սպայական կազմ, ովքեր, վերապատրաստվելով Թուրքիայում, ունեն թուրքամետ, ազգայնական սպայական տարրեր: Նա նկատեց, որ դա ևս Թուրքիայի համար ավելի կառավարելի է դարձնում ադրբեջանական բանակը:
Վերջում Լ. Հովսեփյանը նշեց, որ ըստ որոշ թուրք և ադրբեջանցի փորձագետների փակ տեղեկությունների, իբր կա գաղտնի պայմանագիր երկու երկրների միջև, համաձայն որի` Ադրբեջանն առանց Թուրքիայի համաձայնության չի կարող սկսել ռազմական գործողություններ: