01/12/2010 09:13
Մեկնարկել է ԵԱՀԿ գագաթնաժողովի լիագումար նիստը
Ղազախստանի մայրաքաղաքում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի անվտանգության և համագործակցության (ԵԱՀԿ) գագաթնաժողովի լիագումար նիստը, որին մասնակցում են 28 պետությունների ղեկավարներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Բացի Եվրոպայի անվտանգությանը, Աֆղանստանում տիրող իրավիճակին, կազմակերպության հետագա գործունեությանն առնչվող հարցերին, գագաթնաժողովի մասնակիցները կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, որում որպես միջնորդ է հանդես գալիս ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար:
Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
Մեր թղթակցի հաղորդմամբ` գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը` իր ելույթում կոչ անելով հրաժարվել միջուկային զենքից: Նա հիշեցրել է, որ Ղազախստանը, իր հերթին, արդեն դիմել է այդ քայլին:
Ղազախստանի նախագահն անդրադարձել է նաև Աֆղանստանում տիրող իրավիճակին, ըդգծելով, որ անհրաժեշտ է մշակել միասնական ռազմավարություն` այս երկրում բնականոն կյանքը և տնտեսական զարգացումն ապահովելու ուղղությամբ: