01/12/2010 15:12
Աստանայում ԼՂ հարցով հայտարարություն է ընդունվել
Աստանայում ԵԱՀԿ գագաթնաժողովին մասնակցող ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Պիյոնը և ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնել են, որ եկել է ժամանակը վճռական ջանքեր գործադրել` ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու համար:
Այս համատեքստում նրանք վկայակոչել են 2008-ին նոյեմբերի 2-ին Մոսկվայում և 2010-ի հոկտեմբերի 27-ին Աստրախանում եռակողմ` Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան հանդիպումից հետո արված հայտարարությունները ու համաձայնություն հայտնել, որ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը կբերի կայունություն և անվտանգություն, և դա միակ միջոցն է տարածաշրջանում ժողովուրդների միջև բարեկամություն հաստատելու համար:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորմանը հասնելու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի ու սկզբունքների, ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան Եզրափակիչ ակտի, ինչպես նաև 2009-ի հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում, այնուհետև` 2010-ի հունիսի 26-ին Մուսկոկոյում արված երեք երկրների նախագահների (Մեդվեդև, Սարկոզի, Օբամա) հայտարարության վրա:
ԵԱՀԿ Միջնորդ երկրները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին` հակամարտության վերջնական լուծման համար անհրաժեշտ որոշման կայացման հարցում: Նրանք հորդորել են երկու երկրների առաջնորդներին առավել ակտիվորեն կենտրոնանալ Հիմնարար սկզբունքներում դեռևս առկա խնդիրների լուծման վրա: Նրանք նաև հանձնարարել են համանախագահներին շարունակել հակամարտող կողմերի հետ աշխատանքը` աջակցելու խնդրի լուծմանը հասնելուն ուղղված ջանքերին:
Բանակցությունների համար առավել լավ մթնոլորտ ստեղծելու համար նրանք կոչ են արել ձեռնարկել լրացուցիչ միջոցներ հրադադարի ամրապնդման ու տարածաշրջանում փոխվստահության հաստատման ուղղությամբ: