01/12/2010 16:17
Ռ. Զոհրաբյան. Ինքնորոշման իրավունքը նաև նպատակ է
«Առաջին անգամ է, որ նման հայտարարության մեջ հղում է տրվում ՄԱԿ-ի կանոնադրությանը, իսկ կանոնադրության մեջ հստակ նշված է, որ ինքնորոշման իրավունքը` ի տարբերություն տարածքային ամբողջականության, ոչ միայն սկզբունք է, այլև նպատակ: Այսինքն՝ սկզբունքները պետք է ծառայեն նպատակների իրականացմանը, իսկ նպատակը, բնականաբար, գերակա է»,- անդրադառնալով Աստանայում արված հայտարարության՝ Aysor-ին հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
Նշենք, որ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ «Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական կարգավորմանը հասնելու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի ու սկզբունքների, ՄԱԿ-ի խարտիայի, Հելսինկյան Եզրափակիչ ակտի, ինչպես նաև` 2009-ի հուլիսի 10-ին Լ’Աքվիլայում, այնուհետև` 2010-ի հունիսի 26-ին Մուսկոկոյում արված երեք երկրների նախագահների (Մեդվեդև, Սարկոզի, Օբամա) հայտարարության վրա»: