01/12/2010 12:21
WikiLeaks-ի հիմնադիր Ասսանժին որոնում է Ինտերպոլը
Ինտերպոլը հետախուզություն է հայտարարել միջազգային հանրությանը ցնցած WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժի նկատմամբ: ՌԲԿ-ն, մեջբերելով ` Բի-Բի-Սի-ն հայտնում է, որ Ինտերպոլի բոլոր 188 անդամ պետությունները պարտավոր են գործողություններ իրականացնել Ջ.Ասսանժի ձերբակալման ուղղությամբ:
Ավելի վաղ Ջ.Ասսանժի ձերբակալման որոշում է ընդունվել Շվեդիայի դատախազության կողմից: Այդ երկրում հայտնի հեղինակին կասկածում են բռնաբարության մեջ: Ջ.Ասսանժը հերքում է մեղադրանքները և պնդում, որ նման հալածանքներն իր կայքում տեղ գտած հրապարակման պատասխանն են:
Ավստրալիայում, որի քաղաքացին է Ասսանժը, ներկայումս իրականացվում է հատուկ քննություն, որը պետք է պարզի` արդյո՞ք WikiLeaks կայքի կողմից գաղտնի փաստաթղթերի հրապարակումը խախտում է տեղական օրենսդրությունը և ինչ միջոցառումներ է պետք ձեռնարկել կայքի հիմնադրի նկատմամբ:
Ներկայումս Ջուլիան Ասսանժի գտնվելու վայրն անհայտ է: