02/12/2010 11:16
9 ամսում ԼՂՀ են այցելել ավելի քան 7000 օտարերկրյա քաղաքացիներ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2010թ. անցած 9 ամսիների ընթացքում ԼՂՀ են այցելել ավելի քան 7000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը զգալիորեն գերազանցում է 2009թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշները:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս տվյալները վկայում են այն մասին, որ ամեն տարի աշխարհում աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ, չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը և ԼՂՀ այցելող օտարերկրյա քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելը: Զբոսաշրջիկներին գրավում են հնագույն պատմական հուշարձանները, հիասքանչ բնությունը, գեղատեսիլ կիրճերը, առողջ էկոլոգիան, հանքային և տաք աղբյուրները: Սակայն, երկրի հիմնական հարստությունը, ըստ նրանց, բարյացակամ և հյուրասեր մարդիկ են:
Զբոսաշրջիկների շրջանում գերակշռում են ԵՄ երկրների, ԱՄՆ, Ռուսաստանի, Թուրքմենստանի, Վրաստանի քաղաքացիները և այլն: Շատ օտարերկրացիներ այցելում են ԼՂՀ մի քանի անգամ: Տարեցտարի ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են այցելում Արցախ: Այս տարի առաջին անգամ ԼՂՀ են այցելել Գաբոնի և Կոտ Դիվուարի քաղաքացիներ: Վերջին երկու տարում մեծացել է Պարսկաստանից զբոսաշրջիկների հոսքը:
Զբոսաշրջիկները հիմնականում այցելում են Գանձասարի (XIII դար), Ամարասի (IV դ.), Դադիվանքի (IV դ.) վանական համալիրներ, հինավուրց Տիգրանակերտ քաղաքի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ Դումանի տուն-թանգարան, ինչպես նաև Ականաբերդ, Լևոնաբերդ, Բերդաքար, Ասկերան, Թումասաբերդ հին հայկական ամրոցներ և այլն :
Զբոսաշրջության զարգացմանը զգալիորեն կնպաստի նաև 2011թ. մայիսին Ստեփանակերտի օդանավակայանի բացումը: