02/12/2010 15:35
Հայ և բելառուս գործարարները քննարկում են համագործակցության հարցեր
Այսօր Երևանում մեկնարկել է հայ-բելառուսական բիզնես ֆորում: Այն կազմակերպել է Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատը (ՀԱԱՊ)` ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան հետ համատեղ:
Հայաստան ժամանած գործարար պատվիրակությունը, որի կազմում տարբեր ոլորտներ ներկայացնող 12 ձեռնարկությունների ներկայացուցիչներ են, գլխավորում է Բելառուսի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վասիլի Ռոմանովը:
«Այսօր մեր հանրապետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների մակարդակը մոտենում է քաղաքական երկխոսության մակարդակին»,- ասաց ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեփան Սուխորենկոն:
Նա տեղեկացրեց, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը ճգնաժամի պատճառով որոշ չափով` 1.5 %-ով նվազել էր, սակայն 2010 թ. 10 ամսվա կտրվածքով աճը նախորդ տարվա համեմատ 75 % է. «Այդ պատճառով արդյունքը ամենահուսադրողն է»:
Ս. Սուխորենկոն կարևորեց այն հանգամանքը, որ տնտեսության ճյուղերի դիվերսիֆիկացիա է տեղի ունենում և համագործակցության նոր ոլորտներ են բացվում:
Վ. Ռոմանովը հայտնեց, որ ըստ առևտրաշրջանառության ծավալների` Բելառուսի համար Հայաստանը 9-րդ տեղում է:
«Բայց երկու երկրների ներուժը շատ ավելի է, քան այսօր առկա առևտրաշրջանառությունն է»,- նշեց Վ. Ռոմանովը` հավելելով, որ նման միջոցառումները զուր չեն անցնում. «Վերջին ֆորումը թույլ տվեց կտրուկ ավելացնել առևտրաշրջանառությունը»:
Վ. Ռոմանովի գնահատականով, երկու երկրների հարաբերություններում դեռ յուրացված չէ մեքենաշինության, գյուղատնտեսության արտադրությունում առկա ներուժը:
Բելառուսի գործարարներին ներկայացվեց Հայաստանի տնտեսության վիճակը և ներդրումային ներուժը:
Քառօրյա այցի ընթացքում Բելառուսի պատվիրակությունը կայցելի Հայաստանում հայ-բելառուսական համատեղ ձեռնարկություններ, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն, Երևանի քաղաքապետարան, դեմ առ դեմ հանդիպումներ կունենան հայ գորածարարների հետ:
Հաջորդ հայ-բելառուսական բիզնես ֆորումը տեղի կունենա Բելառուսում: