02/12/2010 16:10
Մ. Սարգսյան. Հայաստանից Բելառուս արտահանումը հուսախաբեցնող է
«Նմանատիպ փոխադարձ հանդիպումները, որոնք լինում են գրեթե ամեն տարի, հնարավորություն են տալիս գործարարներին շփվել, փորձել ստեղծել համատեղ ծրագրեր և արտահանման խնդիրներ լուծել»,- այսօր հայ-բելառուսական բիզնես ֆորումի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:
Ըստ նրա, ներկայիս դրությամբ Հայաստանից Բելառուս ապրանքների արտահանման ցուցանիշները հուսախաբեցնող են` 30 մլն դոլար ներմուծման դեպքում արտահանումը կազմում է ընդամենը 3.5 մլն դոլար:
«Այստեղ շատ լուրջ աշխատանք ունենք տանելու: Դրան կօժանդակի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տունը, որտեղ բազմաթիվ բելառուսական ապրանքներ են ցուցադրվում և վաճառվում»,- նշեց Մ. Սարգսյանը:
Նա հայտնեց, որ եռակողմ պայմանավորվածություն կա Երևանում վերջերս բացված մարտկոցների գործարանի հետ կապված. նախատեսվում է մարտկոցները բելառուսական տրակտորի գործարանին տալով, պահեստամասեր բերել Հայաստան և այստեղ հավաքել տրակտորներ: Հայկական կաղմը բելառուս գործարարներին առաջարկելու է նաև ցրտահարությունների դեմ պայքարող հայկական սարքավորումը բելառուսական տրակտորների վրա տեղադրել:
Պատասխանելով Aysor.am-ի հարցին` թե ի՞նչ փուլում է Բելառուսում հայկական առևտրի տուն ստեղծելու խնդիրը, Մ. Սարգսյանը նշեց, որ այդ ուղղությամբ դեռ տեղաշարժ չկա, թեև բելառուսական կողմը պատրաստ է տարածք տրամադրել:
Նշենք, որ Հայաստանից Բելառուս հիմնականում արտահանվում են մրգահյութեր, չքաղցրացրած ջրեր, էթիլային սպիրտ, ինֆուզորային և սիլիկային հողեր, դեղամիջոցներ, ոսկերչական իրեր, էլեկտրական, բժշկական սարքեր, քար, հանքաքար, ցեմենտ, ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր, մամուխ:
Բելառուսից Հայաստան է ներմուծվում կաթ և սերուցք, կաթի փոշի, ձուկ, ձկնկիթ, դեղամիջոցներ, լուցկի, ռետինե անվադողեր, գործվածքներ, սալիկներ, շարժիչներ և ուժային կայանքներ, պոմպեր, տրակտորներ, փոխադրամիջեցների մասեր և սարքավորումներ, անտառանյութ, պոմպեր, էքսկավատոր, տափանիչ մեքենա, ինքնագնաց և այլն: