02/12/2010 09:16
Սերժ Սարգսյան. ԵԱՀԿ որոշ երկրներ զինում են Ադրբեջանը
Ելույթ ունենալով Ղազախստանի մայրաքաղաքում անցկացվող Եվրոպայի անվտանգության կազմակերպության գագաթնաժողովի նիստի երկրորդ օրը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ Ադրբեջանի փորձերը` ուժի սպառնալիքով կորզել միակողմանի զիջումներ, ոչ միայն դատապարտված են, այլև խոչընդոտում են փոխզիջումային տարբերակով խնդրի լուծմանը:
«Բաքվում համարում են, որ մոռացվել է ղարաբաղյան հակամարտության պատճառահետևանքային կապը: Երբ այսօր Ադրբեջանը խոսում է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական բանակի հսկողության տակ գտնվող տարածքների վերադարձի անհրաժեշտության մասին, մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել իր իսկ ծավալած ագրեսիայի հետևանքներն, առանց վերացնելու հակամարտության պատճառը», - ասաց ՀՀ Նախագահը:
Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ Ադրբեջանը Եվրոպայի տարածքում միակ երկիրն է, որ հպարտանում է ռազմական բյուջեի բազմապատկմամբ, շեշտակի խախտում է սովորական սպառազինությունների սահմանափակման համաձայնագրով նախատեսված սահմանները:
«Եվրոպայում սովորական սպառազինությունների թույլատրելի սահմանների շեշտակի խախտման դեմ ոչ միայն չեն ձեռնարկվում անհրաժեշտ միջոցներ, այլև իրականացվում է այդ տեսակի սպառազինությունների վաճառք, այդ թվում և ԵԱՀԿ անդամ-պետությունների կողմից», - ներկաների ուշադրությունը հրավիրեց Ս.Սարգսյանը:
«Այս ամենը համեմվում է Ադրբեջանի ղեկավարության բացահայտ հայատյաց ելույթներով, թշնամանք, ագրեսիա, բռնություն սերմանող կոչերով», - շեշտեց ՀՀ Նախագահը: