02/12/2010 09:23
Ս.Սարգսյան. ԼՂՀ-ն գործել է միջազգային իրավունքին համապատասխան
Այսօր ԵԱՀԿ գագաթնաժողովում ունեցած ելույթում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկաներին հիշեցրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ծագման պատճառների մասին, նշելով` Ադրբեջանը մոռանում է, որ հնարավոր չէ վերացնել հակամարտության հետևանքները, առանց պատճառները վերացնելու:
Ս.Սարգսյանն անդրադարձավ փաստին, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեղծվել են երկու իրավահավասար սուբյեկտներ` Ադրբեջանի Հանրապետությունն ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
«Լեռնային Ղարաբաղը` չճանաչված, բայց լեգիտիմ պետությունը, ոչնչացման վտանգի առջև կանգնած ժողովրդին փրկելու համար պարտադրված եղավ դիմել ինքնապաշտպանության, ինչը ամբողջությամբ համապատասխանում էր միջազգային իրավունքի նորմերին», - շեշտել է ՀՀ նախագահը:
Ս.Սարգսյանը հիշեցրեց, որ չհասնելով ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հայաթափմանը` Ադրբեջանը ստիպված եղավ 1994 թվականի մայիսին ստորագրել կրակի դադարեցման եռակողմ համաձայնագիր` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ:
«Զինադադարը կարող էր սկիզբ դառնալ տարածաշրջանում ժողովուրդների շահերից բխող երկարատև խաղաղության հաստատման համար:
Բայց Ադրբեջանն անցած 16 տարիները բանակցությունների քողի տակ, ի հակառակ Մինսկի խմբի ջանքերի, օգտագործեց նոր ռազմական արկածախնդրություն նախապատրաստելու համար», - ասաց ՀՀ Նախագահը: