03/12/2010 09:43
Հայ-ռուսական գործարար համաժողով. Եվս մեկ քայլ` դեպի առաջ
Դեկտեմբերի 6-7-ը Երևանում տեղի կունենա գործարար համաժողով՝ միտված նոր գործարար կապերի հաստատմանը և ներդրումների խթանմանը։ Համաժողովը նախաձեռնել են ՀՀ առևտրաաարդյունաբերական և Ռուսաստանի Դաշնության առևտրաարդյունաբերական պալատները:
ՀՀ ԱԱՊ նախագահ Մարտին Սարգսյանը Aysor.am-ի հետ զրույցում հայտնեց, որ համաժողովն անցկացվելու է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների նիստի շրջանակներում:
«Ռուսաստանի ԱԱՊ հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք: Այս գործարար համաժողովը ևս մեկ քայլ է դեպի առաջ: Տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 40 գործարարներ գալու են Հայաստան և մեր հայ գործարարներն են նաև ցանկություն հայտնել այստեղ տեսնել այն կազմակերպություններին, որոնց հետ թեմաներ ունեն խոսելու: Փորձելու ենք այդ կազմակերպություններին նույնպես բերել»,- ասաց Մ. Սարգսյանը:
Ըստ նրա, համաժողովի ընթացքում գործարարներն արդյունավետ և փոխշահավետ համագործակցության հնարավորություն կունենան միմյանց ներկայացնելու իրենց գործունեության ոլորտը, քննարկելու համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։
Մ. Սարգսյանի խոսքով, օրակարգային թեմաների շարքում է նաև ռուսական կողմին հանձնված հայկական կազմակերպությունների ապագայի խնդիրը, մասնավորապես` Մարս գործարանի:
«Մարս գործարանում կարծես առաջխաղացում կա` այն որպես տեխնոպարկ զարգացնելու ուղղությամբ: Բոլոր նոու-հաուները, ՏՏ ոլորտի առաջարկությունները, բոլորը հնարավորություն կունենան Մարս գործարանում արտադրելու»,- նշեց Մ. Սարգսյանը:
Գործարար համաժողովի ժամանակ քննարկվելու են նաև սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, դեղագործության, արդյունաբերության, մեքենաների և այլ սարքավորումների արտադրության, շինարարության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտների հարցեր: