03/12/2010 14:28
ՀՅԴ-ն ՀՀ Նախագահի ելույթի մեջ միայն մեկ «եթե» է տեսնում
Հայ Հեղափոխական Դաշնակությունը դրական է վերաբերվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ ունեցած ելույթին, այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը:
«Ճիշտ, ժամանակին արված հայտարարություն էր: Անհրաժեշտ էր, որ այդ ամենը ասվեր բաց տեքստով: Վայրն էլ էր ճիշտ ընտրված: Այդ շեշտադրումներով էլ պետք է շարունակվի», - ասաց բանախոսը:
Ըստ Կ.Մանոյանի, ՀՅԴ-ն հայտարարությանը դրական է վերաբերվում, եթե նախագահ Սարգսյանը նկատի չուներ, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչումը կարող է միայն պատերազմի դեպքում լինել:
«Եթե նախագահն իր ելույթում ասելով, որ «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե», նկատի չի ունեցել, որ միայն պատերազմի դեպքում կճանաչեն անկախությունը, մնացածի հետ մենք խնդիր չունենք»,- պարզաբանեց բանախոսը:
Կ.Մանոյանի խոսքերով` պատերազմի վերսկսման դեպքում Հայաստանը ոչ թե պետք է դե յուրե ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այլ ուղղակի միացում հայտարարի:
«Չեմ կարծում, որ նախագահը բացառեց, որ մինչև որևէ պատերազմ «մենք նաև դե յուրե կճանաչենք» կամ, կարծում եմ, սխալ կլինի այդպես պայմանավորելը», - եզրափակեց ՀՅԴ Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատուն: