03/12/2010 13:43
Թուրքերը փորձում են կեղծել եվրոպական չափանիշներին համապատասխան
Անդրադառնալ Դաշնակցության պատմության այս կամ այն դրվագին, նշանակում է անդրադառնալ Հայոց պատմության կոնկրետ ժամանակաշրջանի դրվագին: Այսօր Հայ Հեղափոխական Դաշնակցության 120-ամյակին նվիրված գիտաժողովի ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Լևոն Մկրտչյանը և հավելեց, որ Հայոց Եղեռնի 100-ամյակին «պատրաստվում» է նաև թուրք քաղաքական և պատմական միտքը:
«Այսօր թուրքական կեղծարարությունը մի նոր մակարդակի է բարձրացրել իր քարոզչական մեքենայի աշխատանքները: Փորձում են կեղծարարությունը դարձնել եվրոպական չափանիշներին համարժեք»,- շեշտեց Լ. Մկրտչյանը:
Ըստ նրա, թուրքերը հասկանում են, որ այսօր հարված հասցնելու համար հարկավոր է հարված հասցնել պատմությանը` աշխարհին ցույց տալ, որ հայ ազգը չունի այն իրավունքները, որը փորձում է ներկայացնել:
«Այս կեղծարարությունները թուրքերն սկսել են պրիմիտիվ մակարդակից` ինչպես քրիստոնյա թուրքերի տեսությունն է: Այժմ փորձում են արխիվային, պաշտոնական տեսքով, ընդունված ձևաչափերով կեղծել պատմությունը»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամը և, կարևորելով Դաշնակցության հիմնադրման 120-ամյակին նվիրված գիտական կոնֆերանսի աշխատանքները, նշեց, որ այդ թվում նման գիտական կոնֆերանսներով պետք է պատասխանել թուրքական կողմի կեղծարարություններին:
«Նմանատիպ միջոցառումները ոչ միայն ունեն պատմական, այլև` քաղաքական կարևոր նշանակություն», - շեշտեց Լևոն Մկրտչյանը: