03/12/2010 12:45
ՀՀԿ փոխնախագահ. «Նորից զրո կետում ենք կանգնած»
Հնգակողմ հայտարարությունն առանձնանում է նրանով, որ առաջին անգամ հղում է արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը` կրկին հաստատելով ինքնորոշման իրավունքի, ուժի չկիրառման և տարածքային ամբողջականության երեք սկզբունքներին: Նման կարծիք հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ Հանրապետական կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:
«Մեզ համար հղումը ՄԱԿ-ի կանոնադրությանը զորեղ փաստաթուղթ է, քանի որ այդ սկզբունքի հիման վրա տասնյակ պետություններ ստացել են անկախություն»,- ասաց Զոհրաբյանը:
Նա նկատեց, որ Մադրիդյան սկզբունքերում, ինչպես նաև դրանից հետո Մայնդորֆյան կամ Սանկտպետերբուրգյան հռչակագրերում, միշտ եղել է փոխզիջումային մոտեցումը, այսինքն, «եթե ճանաչվում է Ղարաբաղի անկախության իրավունքը, ապա անկախանում է Ղարաբաղը, որոշակի տարածքային փոխզիջում է պահանջվում: Բայց այնպես չէ, որ մենք միանգամից զորքերը հետ ենք քաշում և տարածք տալիս Ադրբեջանին»:
«Առաջին հերթին պետք է ճանաչել ինքնորոշման իրավունքը, դրանից հետո բանակցությունների գնալ, թե ինչ մասով պետք է փոխզիջումների գնալ: Բայց քանի որ մենք դեռ չենք հասել դրան և նորից զրո կետում ենք կանգնած, խոսել այդ տարածքների փոխզիջման մասին ավելորդ է»,- ընդգծեց ՀՀԿ փոխնախագահը:
Ապագայում բանակցություններին Ղարաբաղի մասնակցության մասին խոսելով` Զոհրաբյանը նշեց, որ նույնիսկ համանախագահներն են հայտարարում, որ Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին լինելու է որոշակի փուլում, սակայն չի ասվում թե որ փուլում. «Բայց մենք հույս ենք հայտնում, որ կգա այդ փուլը: Մեր դիրքորոշումը մեկն է` հենց հիմա Ղարաբաղը մասնակցի բանակցություններին»:
Զոհրաբայանի գնահատմամբ` Աստանայում նախագահի ելույթը բավականին բան ասող էր. «Կարծում եմ, որ դրա հետ, գոնե ներքին կարգով, այլ ոչ թե պաշտոնապես, համաձայն են նաև մյուս ընդդիմադիր ուժերը»:
Նա նաև կարևորեց գագաթաժողովի ժամանակ հնչած բոլոր ելույթնեը` հատկապես առանձնացելով ՌԴ նախագահի և ԱՄՆ պետքարտուղարի ելույթները: