04/12/2010 12:06
Մեկնարկել է «Աութսորսինգից դեպի նորարարություն» կոնֆերանսը
Այսօր Երևանում մեկնարկել է «Աութսորսինգից դեպի նորարարություն» կոնֆերանս` նվիրված վեբ տեխնոլոգիաներին և բիզնեսի տարբեր ոլորտներում դրանց ներդրման հնարավորություններին:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ողջույնի խոսքում նշեց, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները հաստատել են ՀՀ տնտեսության զարգացման առանցքային ուղղությունը լինելու իրենց առաքելությունը` նպաստելով երկրում նորարարության և արտադրողականության բարձրացմանը:
«ՏՀՏ ոլորտի շնորհիվ բարձրանում է նաև հայկական գործարար դաշտի մրցունակությունը: Կիրառելով ՏՏ և բարձր տեխնոլոգիաները` ձեռնարկությունները կարողանում են մրցունակ լինել համաշխարհային շուկաներում և այդ փորձը հետզհետե ավելանում է»,- ասաց Ն. Երիցյանը:
«Օրանժ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի խոսքով, վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի շուկան աննկարագրելի զարգացումներ է ապրել և թռիչքաձև աճ է ունեցել. մոտ 2 անգամ ավելացել է ինտերնետ սպառողների քանակը և ավելի քան 3 անգամ մեծացել է սպառվող տրաֆիկի ծավալը:
«Հայաստանի բնակիչները և հատկապես երիտասարդները շատ մեծ ախորժակ ունեն նորարարությունների նկատմամբ, սպասում և օգտագործում են դրանք»,- ասաց Բ. Դյութուան:
Microsoft ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Գրիքոր Բարսեղյանն այս կոնֆերանսը կոչեց «վերադարձ աութսորսինգից դեպի նորարարություն»: Նրա խոսքով, Հայաստանի տեխնոլոգիական պատմությունը շատ արդյունավետ է եղել, ստեղծվել են նոր արտադրանքներ և եղել են շատ հաջողակ:
«1990-ականների տարիները շատ ծանր էին և ՏՏ արտադրությունը ստիպված էր անցնել արտասահմանյան պատվերներ կատարելուն, բայց հիմա արդեն ժամանակն է նորից վերադառնալ նորարարական ճանապարհին, որն ավելի արդյունավետ է, ավելի շահութաբեր և ավելի մեծ ապագա է բացում ոլորտի ու երկրի համար»,- նշեց Գ. Բարսեղյանը:
Կոնֆերանսի ընթացքում տեղի կունենան քննարկումներ ոլորտի հայտնի արտասահմանյան (Rutube, Opera Software, Wkotakte, Microsoft) և հայկական ընկերությունների ներկայացուցիչների, փորձագետների, մասնագետների հետ: Քննարկումները կընթանան նորարար նախագծերի մոնետիզացիա /խաղեր և այլն.../, սոցիալական մեդիա բիզնեսի համար, գովազդ ցանցում, ֆինանսավորում և ներդրումներ թեմաների շուրջ:
Նշենք, որ կոնֆերանս անցկացվում է ArmNet 2010 նախագծի շրջանակներում: