06/12/2010 11:23
Մեկնարկեց հայ-ռուսական գործարար համաժողովը
Այսօր Երևանում մեկնարկել է հայ-ռուսական գործարար համաժողով՝ միտված նոր գործարար կապերի հաստատմանը և ներդրումների խթանմանը։ Համաժողովը նախաձեռնել են Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության Առևտրաարդյունաբերական պալատները:
ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն իր ողջույնի խոսքում արձանագրեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջին խոշոր ռազմավարական գործընկերն է և ամենախոշոր ներդրողը: Ըստ նրա` Հայասատանում Ռուսաստանի բաժնեմասը կազմում է 50 տոկոս:
Մ. Սարգսյանի խոսքով` այս համաժողովը նոր ազդակ կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացմանը:
«Այսօր միայն համատեղ ջանքերով կարելի է հասնել մեր տնտեսությունների որակական բարելավմանը»,- ասաց Մ. Սարգսյանը:
Նա նշեց, որ 2 երկրների ԱԱՊ-ների միջև համագործակցության պայամանգրի ստորագրումից հետո մեծ գործ է արվել. մասնավորապես` 2005թ. հետո ՌԴ-ից Հայաստան ապրանքների ներմուծումն ավելացել է 4 անգամ, իսկ ՀՀ-ից Ռուսաստան արտահանումը` 2անգամ:
«Պետք է այնպես անել, որ ոչ մի կատակլիզմ ազդեցություն չունենա մեր հարաբերությունների վրա»,- ասաց Մարտին Սարգսյանը:
Ռուսական պատվիրակության կազմում են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 40 գործարարներ:
Գործարար համաժողովի ընթացքում գործարարներն արդյունավետ և փոխշահավետ համագործակցության հնարավորություն կունենան` միմյանց ներկայացնելու իրենց գործունեության ոլորտը, քննարկելու համագործակցության հնարավորությունները և հեռանկարները։
Նշենք, որ համաժողովի ժամանակ քննարկվելու են սննդարդյունաբերության, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության, դեղագործության, արդյունաբերության, մեքենաների և այլ սարքավորումների արտադրության, շինարարության, ծառայությունների մատուցման և այլ ոլորտների հարցեր: