06/12/2010 13:42
Հայկական և ռուսական ԱԱՊ-ները 2 պայմանագիր ստորագրեցին
Այսօր հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ ստորագրվեցին համագործակցության 2 պայմանագրեր` Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի ու Հարավ-Ուրալյան և Ուրալյան Առևտրաարդյունաբերական պալատների միջև:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը կարևորեց այս պայմանագրերի կնքումը և հույս հայտնեց, որ դրանք օրինակ կծառայեն Ռուսաստանի մյուս շրջանների ԱԱՊ-ների համար:
«Որախ եմ փաստել, որ Ռուսաստանը շարունակում է առաջատար տեղ գրավել Հայաստանի առևտրային գործընկերների շարքում: Վերջին շրջանում նկատվում է Հայաստանում ռուսական բիզնեսի հետաքրքրությունների շրջանակի ընդլայնում: Ոգեշնչում է այն, որ երկու երկրների բարձրագույն ղեկավարության հետաքրքրվածությունը և առկա տնտեսական կապերը ակտիվորեն փոխանցվում են բիզնեսին: Այսօր, ի թիվս խոշոր նախագծերի, զարգանում է նաև համագործակցությունը փոքր և միջին բիզնեսում, կապեր են ստեղծվում Առևտրաարդյունաբերական պալատների, առանձին ընկերությունների միջև»,- ասաց Ն. Երիցյանը:
Նրա խոսքով, ազատ առևտրի գոտու ստեղծումը, որին մասնակցում է նաև ռուսական կողմը, և որը շուտով կսկսի գործել, լավ հարթակ կհանդիսանա նոր ներդրումների համար: Այսօր ռուսական կապիտալով Հայաստանում գործում է 1200 ձեռնարկություն: Առավել ակտիվ են կապերը Մոսկվայի հետ, որին բաժին է ընկնում հայ-ռուսական առևտրաշրջանառության կեսից ավելին:
Նախարարը նշեց, որ Հայաստանի համար առավել կարևոր ոլորտներ են վառելիքա-էներգետիկ, լեռնահանքային և քիմիական արդյունաբերությունը, էլեկտրատեխնիկական, տրանսպորտի, մեքենաշինության, շինարարության ոլորտները, իսկ առաջնահերթ ուղղություններ են տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաները:
Նշենք, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը 2009 թ-ին կազմել է 908900 հզ. դոլար, այդ թվում արտահանումը` 115318 հզ. դոլար, ներմուծումը` 793582 հզ. դոլար: 2009 թ-ին առևտրաշրջանառության ծավալները 2008 թ. համեմատությամբ կրճատվել են 14,7 %-ով:
2010 թ. առաջին 10 ամիսների առևտրաշրջանառությունը կազմել է 793313,5 հզ. դոլար, որից արտահանումը` 118659,6 հզ. դոլար, ներմուծումը` 674653,9 հզ. դոլար: