06/12/2010 14:09
Գ. Պետրով. Հարկավոր է զարգացնել ՌԴ և ՀՀ շրջանների միջև կապերը
2011 թ-ին Ռուսաստանում տեղի կունենա խոշոր գործարար համաժողով` ՌԴ նահանգապետների և ՀՀ մարզպետների մասնակցությամբ: Այս մասին այսօր ընթացող հայ-ռուսական գործարար համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Նա նշեց, որ համաժողովի հետ միաժամանակ տեղի կունենա հայկական ապրանքների ցուցահանդես:
«Այս նախաձեռնությունների նպատակն է ակտիվացնել հորիզոնական կապերը այդ մակարդակում»,- ասաց Վ. Կովալենկոն:
ՌԴ Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Գեորգի Պետրովի խոսքով, Ռուսաստանի և Հայաստանի առևտրային հարաբերություններն ամուր և կայուն են, և կառուցվում են ոչ միայն քաղաքական վերնախավի, այլև` գործարարների մարդկային, ջերմ փոխհարաբերությունների հիմքի վրա:
Գ. Պետրովը փաստեց, որ ճգնաժամի արդյունքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կրճատվել է, սակայն ոչ այնքան, որքան Ռուսաստանի և այլ երկրների առևտրաշրջանառությունը: Նա տեսակետ հայտնեց, որ առևտրաշրջանառության նախկին ծավալները կվերականգնվեն 2013 թ-ին. «1 մլրդ դոլարն այն նվազագույնն է, որից կարելի է մեկնարկել հետագայում»:
Գ. Պետրովի խոսքով, հարկավոր է փոխել և բարելավել առևտրի կառուցվածքը, քանի որ ներկայիս կառուցվածքի պահպանման դեպքում միշտ կախվածություն կլինի արտաքին գործոններից: Նա ընդգծեց, որ Ռուսաստանի տնտեսությունը միայն Մոսկվայում չէ և հարկավոր է զարգացնել կապերը երկրների շրջանների միջև:
Ի դեպ, ՌԴ ԱԱՊ փոխնախագահն աննկատ չթողեց այժմ Հայաստանում հաստատված արևոտ ու ջերմ եղանակը, մինչդեռ Մոսկվայում փոթորկում է սառնամանիքը: