06/12/2010 15:47
Ա.Շաքարյանը չի բացառում, որ 2011-ին հնարավոր է «Ցյուրիխ 2»
Թուրքերը շարունակում են Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ զգայուն լինել, այսօր ասուլիսին ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանն-ը, ով օրերս Անկարայում մասնակցել է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ գիտաժողովի։
«Նրանք շարունակում են հայերի այն ժամանակվա վրիժառու գործողությունները որակել որպես պատասխան սպանություններ` փորձելով հասկանալ, թե հայերն ինչ են ուզում` ասելով Ցեղասպունություն»,- ասաց Շաքարյանը:
Թուրքագետի խոսքերով` Ղարաբաղյան հարցում կրկին որևէ հետ քայլ չկա. «1993-ի հայ-թուրքական սահմանի փակումը նրանք շարունակում են պայմանավորել Ղարաբաղյան հիմնախնդրի հետ` ասելով, որ քանի դեռ չի լուծվել ղարաբաղյան հարցը, որևէ առաջընթաց չի կարող լինել»:
Թուրքերը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, ըստ Շաքարյանի, կապում են հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, սակայն «նրանք քաջ հասկանում են, որ Ադրբեջանի նախագահ Ալիևն անձնապես չի ցանկանում բարելավել հայ-ադրբեջանական հարաբերությունները, քանի որ դա իր շահից չի բխում»:
Բանախոսը նկատեց, որ 2011-ի խորհրդարանական ընտրությունները կարող են մեծ ազդեցություն ունենալ հայ-թուրքական հարաբերությունների վրա: Միևնույն ժամանակ, նա չբացառեց նաև այսպես կոչված «Ցյուրիխ-2»` հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման մասին լուրերը:
Ա. Շաքարյանը նշեց, որ հաջորդ տարի թուրքերը պատրաստվում են Դիարբեքիրում վերաբացել Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին, որի բացման արարողությունը, ըստ թուրքագետի, կլինի Աղթամարի նման «ճոխ շոու»:
«Թուրքերն ամեն ինչ կանեն այս իրադարձությանը մեծ հնչեղություն տալու և մեծ շոու կազմակերպելու համար», - ասաց Ա.Շաքարյանը: