07/12/2010 11:22
Խրամչիխին. ՀՀ-ի հանդեպ հարձակումը` հարձակում ՌԴ-ի վրա
Հայաստանի նկատմամբ հարձակումը կնշանակի հարձակում նաև Ռուսաստանի նկատմամբ, այսպես «Սվոբոդնայա պրեսսա» էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում Թուրքիայի կամ Ադրբեջանի հնարավոր ներխուժումը Հայաստան նկարագրել է Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի (ИПВА) տնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, ըստ փորձագետի` Գյումրիում և Երևանում տեղակայված ռուսական բազաները «երաշխիք են, որ հայերն ապահովագրված լինեն ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ պատերազմի դեպքում»:
«Եթե մենք հարձակում գործենք Թուրքիայի վրա, դա կլինի պատերազմ ՆԱՏՕ-ի հետ: Բայց մենք երբեք չենք հարձակվի Թուրքիայի վրա, դա պարզ է: Իսկ եթե Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա, և մենք պետք է փրկենք Հայաստանը, դա կլինի Ռուսաստանի և Հայաստանի պատերազմը Թուրքիայի դեմ: ՆԱՏՕ-ն չի մասնակցելու այդ պատերազմին, եթե ռազմավարական զենքի միջոցով մենք չսկսենք Թուրքիան ամբողջությամբ գետնին հավասարեցնել», - ասել է Ալեքսանդր Խրամչիխինը:
Ըստ փորձագետի` Թուրքիան չի ցանկանում պատերազմ Ռուսաստանի հետ` իր տարածքում տեղի ունեցող գործընթացների պատճառով:
«Թուրքիան այսօր մեզ հետ պատերազմ չի ուզում: Ակնհայտ է, թե որքան արմատական գործընթացներ են տեղի ունենում այսօր այդ երկրում: Ներկայումս Թուրքիան կարող է դիտարկվել ՆԱՏՕ անդամ` շատ բարձր աստիճանի պայմանականությամբ... Կարևոր է, որ այսօր շատ մեծ անջրպետ է ստեղծվում Անկարայի և Ամերիկայի միջև ... քանի որ Թուրքիան վերջերս մի նոր դեր է ստանձնել` ամենուրեք շեշտելով, որ այժմ ինքնաբավ է բոլորից ... Փաստորեն, Թուրքիան խզել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները: Փոխարենը, այժմ շատ բարյացակամ է Իրանի հետ: Թուրքիան վերջերս իրեն համարում է նաև իսլամական աշխարհի առաջնորդներից մեկը: Եվ ցանկանում է այդպիսին դառնալ փաստացի: ... Ի դեպ միգուցե այս նոր քաղաքական որակավորումը նա կարողանա լավ գնով վաճառել Արևմուտքին: Բայց սկզբի համար իսլամական աշխարհում առաջնայնությունը պետք է իսկապես որ նվաճել: Դա հնարավոր է միայն Արևմուտքի հետ հարաբերությունների զգալի թուլացման դեպքում: Այնպես որ, կրկնում եմ, այժմ Թուրքիան որպես ՆԱՏՕ-ի անդամ կարելի է համարել միայն շատ մեծ պայմանականությամբ»,- ասել է Ալեքսանդր Խրամչիխինը: