07/12/2010 12:54
ՀՀԿ պատգամավոր. «ԼՂ անկախության ճանաչումն ինքնանպատակ չէ»
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը չի ձգտում պատերազմի և երբեք չի ձգտել, որ Ադրբեջանը պատերազմ հայտարարի, որից հետո Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այսօր ասուլիսում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը:
«Մենք բազմիցս նշել ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը մեզ համար ինքնանպատակ չէ: Քանի դեռ ընթանում է բանակցային գործընթացը, այն մեր կողմից տարվում է միմիայն մեկ նպատակով` հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչմանը», - ասաց բանախոսը, շեշտելով, որ Արցախի ճանաչմանն առաջընթաց քայլերով Հայաստանը չի ցանկանում տապալել բանակցային գործընթացը:
Ըստ Գ.Մելիքյանի` եթե, այնուամենայնիվ, Բաքուն փորձի դիմել ռազմական արկածախնդրության, Հայաստանը ոչ միայն պաշտոնապես կճանաչի ԼՂՀ անկախությունը, այլ նաև ռազմական փոխօգնության պայմանագիր կկնքի` ապահովելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը:
Այդ տեսանկյունից ՀՀԿ-ական պատգամավորն անդրադարձավ նաև «Ժառանգության» պատգամավորների կողմից առաջարկած` Լեռնային Ղարաբաղի ճանաչման նախագծին: Գագիկ Մելիքյանը կրկին նշեց Հանրապետական կուսակցության այն դիրքորոշումը, որ նման քվեարկությունը ժամանակավրեպ է և վտանգում է բանակցային գործընթացը: Պատգամավորը նաև կարծիք հայտնեց, որ նախագիծը «գուցե քվեարկության էլ չդրվի»: