08/12/2010 17:38
Քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդիրները
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 7-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պատվիրակությանը` կառույցի ղեկավար Արտյոմ Մովսեսյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցեր:
Իրականացվող աշխատանքների ընթացքի մասին տեղեկություններ է հաղորդել Արցախի Հանրապետության ԿԱ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանը: Իրենց նկատառումներն են արտահայտել նաև Արտյոմ Մովսեսյանը և ՀՀ քաղաքացիական ավիացիայի մասնագետները:
Երկրի ղեկավարը գոհունակություն է հայտնել իրականացվող աշխատանքների տեմպերի կապակցությամբ` ընդգծելով միաժամանակ, որ անհրաժեշտ է ակտիվացնել աշխատանքները որակյալ կադրերի և մասնագետների պատրաստման ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: