08/12/2010 09:21
ԱՄՆ-ը կշարունակեն համագործակցել ՌԴ-ի հետ Ղարաբաղի հարցում
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր չեն դադարեցնել իրենց մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում և կշարունակեն սերտ կապեր պահպանել այդ հարցի շուրջ Ռուսաստանի Դաշնության հետ: Այդ մասին հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:
«Ռուսաստանը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք ողջունում ենք նրա դերը, ընդգրկվածությունը և պատրաստ ենք սերտորեն համագործակցել ՌԴ-ի հետ այդ հարցի շուրջ», - համաձայն ՌԻԱ Նովոստի գործակալության, հայտարարել է Պետդեպի ներկայացուցիչը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով և լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի և զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձևերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը և կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: