09/12/2010 13:56
Քաղաքագետ. Առաջին անգամ Ալիևը ստացավ համարժեք պատասխան
«Աստանայում մեր քաղաքականության մեջ որևէ տապալում չէր սպասվում և տեղի չունեցավ: Ավելին, առաջին անգամ Ադրբեջանի նախագահը ստացավ համարժեք պատասխան: Մինչ այսօր մենք խոսում էինք ավելի փափուկ դիրքերից և դա ճնշում էր Հայաստանի բնակչության վրա»,- անդրադառնալով Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարությանը` նման կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի նախագահի սպառնալիքներն ավելի շատ վերաբերում էին Եվրոպային, քան Հայաստանին, և նրա ռազմատենչ հայտարարություններից հետո Եվրոպան փորձում էր հանգստացնել, սիրաշահել Ադրբեջանին:
«Սակայն Հայաստանը նույնպես կարող է համարժեք պատասխան տալ Ադրբեջանին, հետևաբար Եպրոպան պետք է սիրաշահեր նաև մեզ: Այսինքն, Հայաստանը խաղաղ և անմեղ գառնուկ չէ, որին կարելի է պահել և մտածել` երբ կարելի է նրա հարցը լուծել: Հայաստանը ևս կարող է կտրուկ գործողությունների գնալ և անել իր շահերից բխող գործողություններ»,- ասաց քաղաքագետը:
Ըստ Մելիք-Շահնազարյանի` Ալիևն արդեն դեկտեմբերի 1-ին նեղացած էր Եվրոպայից, որի ապացույցը հենց իր ելույթն էր:
«Ալիևին ուղղակի ստիպել են ստորագրել այդ հայտարարությունը, որը նրան ձեռնտու չէ, որովհետև դրանում խոսքը գնում է ԼՂՀ անկախության ճանաչման մասին: Եվ նրա փրփրած, ջղայնացած ելույթը դրա ապացույցն է: Իսկ ՀՀ նախագահի ելույթը Ալիևին ադեկվատ պատասխան էր»,- եզրափակեց իր խոսքը քաղաքագետը: