09/12/2010 13:50
Արցախում Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված են եղել 2010թ. հեռուստամարաթոնի ընթացքի, արդյունքների և իրականացվելիք աշխատանքների հետ կապված հարցեր:
ԼՂՀ նախագահը ներկայացրել է հեռուստամարաթոնի ընթացքն ու արդյունքները, որից հետո քննարկվել են ջրամատակարարմանն առնչվող հարցեր:
Արցախի ղեկավարը կառավարությանը հանձնարարել է մշակել ըստ բնակավայրերի իրականացվելիք միջոցառումների համապարփակ ծրագիր, որի հիմքում պետք է ընկած լինի դրանց կարևորությունն ու առաջնահերթությունը, ապահովել տարբեր գերատեսչությունների միջև սերտ համագործակցություն և իրականացվող աշխատանքների ընթացքը լայնորեն լուսաբանել ԶԼՄ-ների միջոցով:
Նիստին հրավիրված էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, շրջվարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: