09/12/2010 15:21
Միակողմանի ԼՂ անկախության ճանաչումը` բանակցային պրոցեսի քանդում
Միայն լայնամասշտաբ ռազմական գործողության դեպքում է, որ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂ անկախությունը, իսկ մինչ այդ` պետք է սպասի: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:
Նշենք, որ այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ձախողվեց «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին օրինագիծը, որի քվեարկությանը մասնակցեց ընդամենը 13 ԱԺ պատգամավոր` քվեարկելով «կողմ»:
Ըստ քաղաքագետի` քանի դեռ ԵԱՀԿ Մինսկի խումբը գործում է և զբաղվում ԼՂ կարգավորման գործընթացով, ապա սխալ կլինի ճանաչել ԼՂ անկախությունը:
«Եթե մենք միակողմանի ճանաչում ենք ԼՂ անկախությունը, ապա դա ավտոմատ նշանակում է ողջ բանակցային պրոցեսի քանդում, դա նշանակում է ինչ-որ չափով անհարգալից վերաբերմունք համանախագահների նկատմամբ»,- ասաց Ս. Գրիգորյանը և հավելեց, որ եթե Հայաստանը որոշի դեմ դուրս գալ Ռուսաստանին և ԱՄՆ-ին` կստանա Կարսի արդյունքը:
«Ես պատասխանատու եմ այս խոսքերի համար, եթե մենք այսպիսի քայլեր անենք, կունենք այն իրավիճակը, ինչը եղավ Կարսի դեպքում: Մենք ընդհանրապես Կարսի հետ կապված պրոբլեմ չունեինք, բայց նման անմիտ քաղաքականությունը բերեց նրան, որ Կարսը կորցրեցինք»,- ընդգծեց քաղաքագետը: