10/12/2010 11:58
Արդյունավետ մաքսային համակարգի խնդիրները` համաժողովի օրակարգում
Այսօր Երևանում մեկնարկեց «Արդյունավետ մաքսային համակարգ» թեմայով համաժողովը, որը նախաձեռնել են Մաքսային բրոքերների ասոցիացիան (ՄԲԱ)` ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության արդյունքում:
ՄԲԱ նախագահ Հրայր Գյոնջյանը լրագրողներին տեղեկացրեց, որ միջոցառումը նվիրված է ոլորտում առկա հիմնախնդիրների քննարկմանը, նաև կներկայացվի ասոցիացիայի ռազմավարությունը:
«Մաքսային բրոքերի ինստիտուտը դեռևս նոր ինստիտուտ է, որը գտնվում է կայացման փուլում: Բրոքեր կազմակերպությունները սկսկել են գրանցվել 4-5 տարի առաջ: Բրոքերների հաճախորդների 88 %-ը իրավաբանական անձինք են, 12 %-ը` ֆիզիկական»,- հայտնեց Հ. Գյոնջյանը, պարզաբանելով, որ տնտեսվարողները մաքսային բրոքերներին են դիմում, որպեսզի աջակցություն ստանան ներմուծվող կամ արտահանվող բեռները մաքսազերծելու ժամանակ համապատասխան ձևակերպումներ կատարելիս:
Համաժողովի ընթացքում Հ. Գյոնջյանը ներկայացրեց ԵԱՀԿ աջակցությամբ իրականացրած մաքսային գործակալների կարիքների գնահատման ուսումնասիրությունը, տեղի ունեցավ ՄԲԱ-ի կայքի շնորհանդեսը (www.acb.am):
Միջոցառմանը մասնակցում էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը, ՀՀ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը, Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, պետական, հասարակական և միջազգային կառույցների
ներկայացուցիչներ:
Նշենք, որ Մաքսային բրոքերների ասոցիացիան ստեղծվել է 2010 թ. ապրիլին: Ասոցիացիայի անդամ են շուրջ 40 մաքսային բրոքերային կազմակերպություններ: Բրոքերների ասոցիացիայի միջոցով մաքսային համակարգի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ աշխատանքների ընթացքում ծագող առաջնահերթ շատ խնդիրների հնարավոր է համակարգված լուծում տալ: