10/12/2010 11:01
Կիբեռահաբեկչության դեմ պայքարը քննարկվել է կառավարությունում
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ինչպես հայտնում են ՀՀ կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը: Մասնավորապես, փաստաթղթում ներկայացված են կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական ուղղություններն ու միջոցառումները:
Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում արծարծվել են նախագծի բովանդակությանն առնչվող հարցեր:
Ընդգծելով ներկայացված նախագծում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների առաջարկությունների ու դիտողությունների ներառման անհրաժեշտությունը` խորհրդակցության մասնակիցները հավանության են արժանացրել Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ծրագրի նախագիծը: