10/12/2010 19:20
Ռազմական արկածախնդրության դեպքում Երևանը կճանաչի ԼՂ անկախությունը
ՀԱՊԿ անդամ պետությունների ընդլայնված կազմով հանդիպման մասնակցության նպատակով Մոսկվայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը` Ադրբեջանի կողմից ուժի կիրառման դեպքում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:
«Եթե Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում լինի որևէ ռազմական արկածախնդրություն, ապա Հայաստանն այլընտրանք չի ունենա, բացի Լեռնային Ղարաբաղի անկախությունը դե յուրե ճանաչելուց»,- ասել է Ս. Սարգսյանը:
Ըստ երկրի ղեկավարի` այդ դեպքում «Հայաստանը կսատարի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությանը` Հայաստանի տրամադրության տակ եղած բոլոր միջոցներով»:
ՀՀ նախագահը միաժամանակ հիշեցրել է Աստանայում ընդունված հնգակողմ հայտարարությունը, ինչպես նաև` ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ միջազգային կառույցների մակարդակով ընդունված որոշումները, և ընդգծել, որ «ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»: