11/12/2010 11:49
ՀՀ վարչապետ. «Եկել է ազատության ժամանակը»
Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր Արմենիա Մարիոթ հյուրանոցում ներկա է գտնվել Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված «Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտները արդի միջազգային իրավական մարտահրավերների պայմաններում. Կոսովոյից առաջ և հետո» խորագիրը կրող համաժողովին:
Ընդգծելով, որ նման համաժողովները նպատակ ունեն խթանելու գիտական հետազոտությունները և կազմակերպելու մտքերի փոխանակություն, վարչապետը հիշեցրել է, որ երեկ մեր նորագույն պատմության կարևոր իրադարձություններից մեկի՝ Արցախի անկախության հանրաքվեի անցկացման 19-րդ տարեդարձն էր:
«Այս առումով Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտներին նվիրված համաժողովի բացումը մեզ ստիպում է խորհել ազատության գաղափարի մասին:
Ժամանակակից աշխարհն այլևս ավելի դժվար է համակերպվում բռնության ու ազատազրկման վրա հիմնված կայսրությունների առկայության հետ, չի հանդուրժում այդօրինակ միավորների գոյությունը:
Կարելի է վստահաբար ասել, որ եկել է ազատության ժամանակը:
Մեր ժողովրդի համար ազատությունը սոսկ գոյական չէ: Մենք ոչ միայն ականատեսն ենք եղել, այն երևույթի, որ հարյուրամյակներ շարունակ տարբեր կայսրությունները ճնշել ու փորձել են խեղդել ազատությունը, այլև զգացել ենք դա մեր մաշկի վրա:
Մենք հասկացել ենք, որ չենք կարողանա զարգանալ, եթե չլինենք ազատ, եթե չունենանք թե ներքին, թե արտաքին ազատություն: Անգամ ազատություն՝ ազատության մասին խորհելու, կամ ընդհանրապես խորհելու համար:
Իսկ այն, որ խորհելը միշտ հանգեցնում է այլախոհության, ասել կուզի՝ ազատության, աքսիոմատիկ ճշմարտություն է», - ինչպես հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, ասել է Տիգրան Սարգսյանը: