11/12/2010 11:55
Տ.Սարգսյան. «Արցախի ժողովուրդը հստակ գիտի, թե ինչ է ուզում»
«Այսօր մենք հավաքվել ենք նորովի մտածելու հայտ ներկայացնող մարդկանց համախումբի նորամուտը ողջունելու համար: Մենք արձանագրում ենք, որ Հայաստանում ձևավորվել է միջազգայնագետ- իրավաբանների այնպիսի մի սերունդ, որը պատրաստ է համակողմանի իրավական հետազոտության ենթարկել հայ ժողովրդի համար չափազանց կարևոր երկու խնդիրներ` Արցախյան հակամարտության միջազգային իրավական ասպեկտները և Հայոց ցեղասպանության համար միջազգային իրավական պատասխանատվությանն առնչվող հիմնախնդիրները», - նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` ելույթ ունենալով Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի կողմից կազմակերպված «Արցախի ինքնորոշման իրավական ասպեկտները արդի միջազգային իրավական մարտահրավերների պայմաններում. Կոսովոյից առաջ և հետո» խորագիրը կրող համաժողովին:
Այս առումով կառավարության ղեկավարը անդրադարձել է ժամանակակից աշխարհի առանձնահատկություններից մեկին:
«Այսօր, առավել քան երբևէ, մտածող մարդիկ և նրանց միավորող կառույցները ստացել են պետության կողմից կայացվող որոշումների վրա ազդելու իրական հնարավորություն: Ժամանակից աշխարհում պետությունների վերլուծական ու հետազոտական գործառույթներն իրականացնում են հենց նման կենտրոնները, որոնք մեկնում են միջազգային աշխարհակարգում տեղի ունեցող արագացող փոփոխությունները, բացահայտում ու վեր են հանում հանրության կայունության և կարգավորվածության մեխանիզմներն ու գործոնները, հասկանալի են դարձնում դրանց զարգացման ուղղությունը», - ինչպես հայտնում են ՀՀ Կառավարության մամուլի և տեղեկատվության վարչությունից, ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա մաղթել է, որ այս կենտրոնը դառնա արդյունավետ արտաքին քաղաքականության իրականացմանը նպաստող այդպիսի հաստատություն: Այդ կառույցների աշխատանքի շնորհիվ նախանշվում են այն ուղիները, որոնք իրականությունը կապում են մեր ցանկությունների և նպատակների հետ, կարծում է վարչապետը:
«Արցախի ժողովուրդը հստակ գիտի, թե ինչ է ուզում, և մենք բոլորս համոզված ենք, որ հասնելու ենք դրան, իսկ այս կենտրոնի առաքելությունն է մեզ հուշել, թե ինչպիսի գիտելիքներով ու գործիքակազմով զինված կկարողանանք առավել արագ ու արդյունավետ հասնել մեր նպատակներին:
Այսօրվա միջոցառումը նվիրված է Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության հիմնախնդրին, թեմա, որ հետաքրքրում է նաև մեր գիտական հանրությանը: Մանավանդ, և այս հարցում ինձ հետ կհամաձայնեն նաև իրավաբանները, որ Արցախն ունի լիիրավ ինքնորոշվելու շատ ավելի ամուր իրավական, ռազմաքաղաքական ու պատմական հիմքեր: Հուսով եմ, որ համաժողովը հնարավորություն կտա ներկաներին տալ այս հարցերի պատասխանները», - հայտարարել է Տիգրան Սարգսյանը:
Համաժողովին մաղթելով բեղմնավոր աշխատանք, իսկ նորաստեղծ կենտրոնին բարի երթ, ՀՀ վարչապետը հատուկ նշել է, որ այս համաժողովը նվիրված է խնդրի իրավական ենթախորքի ուսումնասիրությանը, իսկ միջազգային հարաբերություններում այսօր իրավունքը ժողովուրդների համար ազատությունն իրացնելու միջոցներից ամենաողջամիտն է: