11/12/2010 13:41
Մեկնարկել է «Հայաստանի արտահանման խթանման խնդիրները» կոնֆերանսը
Այսօր Երևանում մեկնարկել է «Հայաստանի արտահանման խթանման խնդիրները» թեմայով կոնֆերանս: Այն կազմակերպվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությամբ` Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (EDRC) կողմից:
Կոնֆերանսը նախագահում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Բողոսյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը:
Ն. Երիցյանի բնորոշմամբ` արտահանելիության պարզ սահմանումն է` լինել մրցունակ միջազգային շուկաներում, իսկ նոր աճի մոդելի էջը կայանում է արտահանելիության մեջ:
«Ճգնաժամը ցայտուն դարձրեց, որ տնտեսության կառուցվածքի հիմնախնդիրներն առանց լուծելու մենք չենք կարողնալու ապահովել երկարաժամկետ, կայուն, տևական, բարձր աճի տեմպեր: Այլ երկրների փորձը, որոնք շատ ավելի լավ դիմակայեցին ճգնաժամի հետևանքներին, ցույց տվեց, որ որքան ավելի մեծ է արտահանումը, այնքան բարձր է երկրի դիմադրողականությունը: Սա մեզ համար նշանակում է բարձրացնել մեր երկրի գլոբալ մրցունակությունը և արտաքին շուկաներում վաճառելի ապրանքներն արտահանելու և վաճառելու ունակությունները»,- ասաց Ն. Երիցյանը:
Կոնֆերանսի հիմնական նպատակն է արտահանման խթանման նպատակով երկխոսության ծավալման, մտքերի, նախաձեռնությունների և փորձի փոխանակման հարթակ ծառայելը: Կոնֆերանսին քննարկվող առանցքային հարցերը հիմնականում ուղղված են Հայաստանի աճի մոդելի հավասարակշռումը դեպի տնտեսության արտահանելի հատվածը և Հայաստանից արտահանման համեմատական առավելությունների և/կամ հիմնական սահմանափակումների բացահայտմանը:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվող հարցերից են` ինչպե՞ս խթանել արտահանումը, ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը արտահանումը խթանելու համար, ի՞նչ ջանքեր է պահանջում Հայաստանից արտահանումը, մասնավոր հատվածի և կառավարության համատեղ ջանքերի գործադրման պահանջը, Հայաստանյան արտահանողների համար տրանսպորտային ծախքերի գնահատումը, մաքսային սահմանների կառավարման համակարգի բարելավումը Հարավային Կովկասում, ինչպե՞ս կարող են աջակցել միջազգային կառույցները, միջազգային լավագույն փորձից քաղված դասեր:
Կոնֆերանսին ներկա են ավելի քան 80 մասնակիցներ` ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյաներ և քաղաքականություն մշակողներ, տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, գիտնականներ և հետազոտական կազմակերտությունների ներկայացուցիչներ, որոնք բացառիկ հնարավորություն կստանան իրենց ներդրումն ունենալու Հայաստանում արտահանման դիվերսիֆիկացման և խթանման տեսլականի ձևավորմանը: