11/12/2010 09:50
Երկուշաբթի կգործարկվի Wikileaks-ի մրցակիցը` Openleaks-ը
Wikileaks սկանդալային նախագծի որոշ մասնակիցներ լքում են այն` հիմնելով նորը` Openleaks-ը: Այս մասին, ըստ Բի-բի-սի-ի, հայտնի է դարձել Dagens Nyheter շվեդական ազգային պարբերականին:
Նոր կայքի հիմնադիրների նպատակը մոտ է Wikileaks-ի խնդրին` հրապարակել գաղտնի տեղեկատվություն: Սակայն, Openleaks-ը չի կառավարվի մեկ անձի կողմից, ինչպես դա Ջուլիան Ասսանժի դեպքում էր:
Համաձայն շվեդական պարբերականի` Openleaks.org-ը կգործարկվի երկուշաբթի` դեկտեմբերի 13-ին:
Ի տարբերություն Wikileaks-ի, նոր կայքի հիմնադիրները մտադիր չեն հրապարակել բոլոր գաղտնի փաստաթղթերը իրենց կայքում: Նրանք տեղեկատվությունը հասանելի կդարձնեն միայն գործընկեր-կազմակերպությունների համար, որոնք էլ կհրապարակեն այն, ինչ կարևոր կհամարեն:
Այսպիսով Openleaks-ի հիմնադիրները փորձում են խուսափել քաղաքական ճնշումից, որը գործադրվում էր Wikileaks-ի վրա: